Համազգայինի Շրջանային Վարչությունը Սգում է Շարլ Ազնավուրի Վախճանը

Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութեան Արեւելեան ԱՄՆ-ի Շրջանային վարչութիւնը սգում է առասպելական երգիչ, ազգային գործիչ, քաղաքագետ, բանաստեղծ, դերասան Շարլ Ազնավուրի՝ ավազանի անունով Շահնուր Վաղինակ Ազնավուրեանի վախճանն ու ցավակցում է նրա գերդաստանին ու երկրպագուներին: Ազնավուրը կյանքից հեռացավ Հոկտեմբերի 1-ին, 94 տարեկան հասակում, Ֆրանսիայի հարավում գտնվող իր տանը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գրասենյակը տեղեկացրել է, որ Հոկտեմբերի 5-ին Ինվալիդների պալատի պարտեզում արարողութիւն կկայանա, որի ընթացքում նախագահը հանդես կգա հատուկ ուղերձով: Հայաստանի Հանրապետության կառավարությունը Ազնավուրի հուղարկավորության օրը սգո օր է հայտարարել: Մակրոնը հրավիրել էր Ազնավուրին իր հետ մեկնել Հայաստան՝ մասնակցելու հոկտեմբերի 10-11-ին Ֆրանկոֆոն երկրների գագաթնաժողովին, ապա համերգով հանդես գալու:

Ազնավուրը ոչ միայն Ֆրանսիայի, ինչպես նաև բազմաթիվ այլ երկրների ամենասիրված երգիչն էր, այլև 1200-ից ավելի երգերի հեղինակ, խաղացել է  60-ից ավելի շարժապատկերներում, որոնց թվում նաև Ֆրանսուա Տրյուֆոյի “Կրակիր դաշնակահարի վրա” 1960 թվականի շարժապատկերում: Ազնավուրի հեղինակած երգերը կատարել են Էդիտ Պիաֆը, Լեո Ֆեռեն, Ժիլբեր Բեկոն, Իվ Մոնտանը և բազմաթիվ այլ նշանավոր երգիչներ: Ազնավուրը երգել է Ֆրանսերեն, Հայերեն, Անգլերեն, Գերմաներեն, Իսպաներեն և Հրէից Գերմաներեն (Yiddish): Ազնավուրի կատարմամբ 180 միլիոն ձայնապնակներ են վաճառվել:

Լինելով Էդիտ Պիաֆի սեղմ շրջանակում, 1948 թ. Ազնավուրն ընկերակցել է նրան Նյու Յորքի հյուրախաղերի ընթացքում: Վերադարձից հետո երգել է  Փարիզի աշխատավորական կարգի սրճարաններում: 1950-ական թվականների կեսին, “Մուլեն Ռուժ” սրահում համերգից հետո, Ազնավուրի համբավը տարածվում է:

Նրա երգացանկի ամենասիրված երգերից են “Բոհեմը”, “Նե” (“She”, բնագրում՝ “Tous Les Visages De L’amour”), “Դեռ Երեկ”,  “Comme Ils Disent” (“What Makes a Man”), “Après l’Amour”, “Tu T’Laisses Aller”, եւ “Ils Sont Tombes”, որը նվիրված է Հայոց ցեղասպանությանը:

Ութ տասնմյակների իր ստեղծագործական կյանքի ընթացքում երգել է սիրո, կորստյան, միայնության, հուսահատության մասին, սակայն նաեւ խիզախել է ներկայացնել արգելված նիւթեր, ինչպես՝ ընկճախտը, նախապաշարումը, միասեռականությունը, կիրքը եւ բռնաբարությունը: Մի հարցազրույցի ընթացքում ասել է. “Ես մի տեսակ հիվանդություն ունեմ, որի հետևանքով խոսում եմ այնպիսի նյութերի մասին, որոնց մասին ընդունված է լռել: Սկսեցի միասեռականությունից ու հետո ուզեցի կոտրել բոլոր բանադրանքները (taboo):

Հայ փախստականների որդի Շահնուր Վաղինակ Ազնավուրյանը ծնվել է Փարիզում 1924 թ. Մայիսի 22-ին: Նրա հայրը՝ Միքայել (Միշա) Ազնավուրյանը ծնվել էր Ախալցխայում (Ջավախք), իսկ մայրը՝ Քնար Բաղդասարյանը՝ Զմյուռնիայում, որտեղից մազապուրծ ազատվել էր Հայերի ցեղասպանության ճիրաններից:

Հայաստանի 1988 թվականի երկրաշարժից հետո, որը 45,000 կյանք խլեց, Ազնավուրը իր հայրենակիցների համար մարդասիրական օգնություն կազմակերպեց: Նույն ժամանակաշրջանում Ջորջ Տիրան Կառվարենցի (Garvarentz) հետ գրեց “Քեզ համար, Հայաստան” (“Pour toi Arménie”) երգը, որը կատարեց այնօրիկ մեծագույն երգիչների մի խումբ: Չորս ամիս շարունակ այդ երգը իշխեց լավագույն երգի առաջին տեղում:

2004 թ. Ազնավուրը արժանացավ Հայաստանի Ազգային Հերոսի բարձրագույն շքանշանին, ապա 2008 թ. ստացավ Հայաստանի քաղաքացիություն:  2009 թ. Ազնավուրը նշանակվեց Հայաստանի դեսպան Շվեյցարիայում և նույն տարում պարգևատրվեց Արցախի Հանրապետության “Գրիգոր Լուսավորիչ” շքանշանով: Ազնավուրը նաև ՄԱԿ-ում (Ժնեւ) Հայաստանի Հանրապետության մնայուն պատգամավորն էր:  Հայաստանում նրա պատվին փողոնցեր են անվանվել, Երևանում՝ հրապարակ: Նրա արձանը կանգնեցված է Գյումրիում, որը երկրաշարժի պատճառած ամենածանր կորուստները կրեց: 2011 թ. Երևանում բացվեց Շարլ Ազնավուրի թանգարանը:

Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին Ազնավուրի ընտանիքի կողմից օգնության համար հրեաներին և այլոց, որոնք հետապնդվում էին նացիստների կողմից, 2017 թ. Ազնավուրը պարգևատրվեց Ռաուլ Վալենբերգի մրցանակով:   Երկրի նախագահ Ռըուվեն Ռիվլինի կողմից ստանալով  մեդալը,  Ազնավուրը շնորհակալություն է հայտնել Ռաուլ Վալենբերգի անվան հիմնադրամին՝ պարգևի համար, իսկ Իսրայելի նախագահին՝ ընդունելության համար, ապա առիթն օգտագործելով, հետաքրքրվել է, թե ե՞րբ է ի վերջո Իսրայելը ճանաչելու Հայոց ցեղասպանությունը:

Ազնավուրի մահվան գույժին նախագահ Մակրոնն հետեւեալ խոսքով է արձագանքել. “Հիմնովին Ֆրանսիացի և խորապես կապված իր հայ արմատներին, համաշխարհային հռչակի տեր Շառլ Ազնավուրը երեք սերունդ է ուղեկցել է իրենց երջանկության և թախծի պահերին։ Իր գլուխգործոցները, իր ձայներանգը, իր բացառիկ ազդեցությունը  դեռ երկար ժամանակ կվերապրեն իրեն”:

No comments yet.

Leave a Reply