Արցախի մէջ Համազգայինի գրասենեակ հիմնելու առիթով «Ապառաժ»-ի հարցազրոյցը Համազգայինի Կեդրոնական Վարչութեան ատենապետ Մկրտիչ Մկրտիչեանի հետ

ՀԱՐՑՈՒՄ.- Ինչպէ՞ս հասունացաւ Արցախում Համազգայինի գրասենեակ հիմնելու գաղափարը:

Համազգայինի Կեդրոնական Վարչութեան ատենապետ Մկրտիչ Մկրտիչեան

ՊԱՏԱՍԽԱՆ.- Համազգային միութեան իւրաքանչիւր պատգամաւորական ժողովի օրակարգային կէտերից մէկը Արցախում գործունէութիւն իրականացնելու հարցն էր: Ծրագրեր չէինք իրականացնում` ուրիշ կազմակերպութիւնների փորձից ելնելով: Պետական մարմինները չէին օժանդակում արտասահմանից եկած միութիւնների աշխատանքներին, արդիւնքում` միութիւնների աշխատանքները չեն յաջողել: Իսկ մենք համբերատար մարդիկ ենք: Սպասեցինք այն օրուան, երբ մեզ կ՛ասեն` համեցէք: Օրը եկաւ եւ մենք այստեղ ենք:

Հ.- Արցախում ի՞նչ ռազմավարութեամբ են իրականացուելու ծրագրերը:

Պ.- Արցախում ծաւալուող աշխատանքները տարբերուելու են արտասահմանում իրականցուող ծրագրերից: Այստեղ կրթական եւ մշակութային մակարդակի վրայ աշխատելու խնդիր չունենք: Սակայն մեր առջեւ աւելի բարդ խնդիր է: Հայաստանի Համազգային գրասենեակի նուիրուած եւ քրտնաջան աշխատանքի արդիւնքում յաջողել է Հայաստան-սփիւռք մշակութային կամուրջը: Արցախն այսօր պէտք է Արցախ-Հայաստան-սփիւռք մշակութային կամրջի դերակատարութիւնը ստանձնի:

Սփիւռքի համայնքների միջեւ կապը եւ այդ համայնքների ու հայրենիքի` Հայաստանի ու Արցախի միջեւ կապը պէտք է լինի հաստատուն եւ տեւական: Հայրենիքում ապրող եւ աշխարհով մէկ սփռուած հայերի ամէն մի համայնք տարբերւում է իր մտածելակերպով եւ տեսակով: Ամերիկահայերը, ֆրանսահայերը, լիբանանահայերը, բոլորը տարբեր են, սակայն բոլորի ժամադրավայրը հայրենիքն է:

Այստեղ է, որ հայերը պէտք է հաւաքուեն ամէն առիթով: Բոլորին հնարաւոր չէ բերել, սակայն գործընթացը շարունակական է: Այս տարի ես եմ եկել սփիւռքից, յաջորդ տարի միւսը, եւ այդպէս` շարունակ: Հայրենիքում երկու շաբաթ, մի ամիս կ՛անցկացնեն, կը պատմեն իրենց սփիւռքի ընկերներին եւ ժամանակի ընթացքում կը ստանանք միատեսակ հայ: Միատեսակ` ոչ թէ ձանձրալի, այլ`  թէկուզ տարբեր ձեւով մտածող, սակայն հայկական մտայնութիւնը եւ մշակոյթը կրող հայ: Հայութեան համար դա շատ կարեւոր է:

Ասեմ նաեւ, որ սեպտեմբերին Հայաստանի մէջ Համազգայինի գրասենեակի նախաձեռնութեամբ Շուշիում լուսանկարչական ցուցահանդէս է կազմակերպուելու: Համազգայինը Արցախ է մտնում մեծ դռներից, եթէ կարելի է այդպէս ասել:

Հ.- Մայիսի 28-ին ՀՀԿՄՄն տօնեց հիմնադրման հերթական տարեդարձը: Որպէս հաշուետուութիւն` ինչպէ՞ս էք գնահատում 89-ամեայ միութեան գործունէութիւնը:

Պ.- Համազգային միութիւնը հիմնադրուել է Հայաստանի Ա. Հանրապետութեան հիմնադրման օրը` մայիսի 28-ին: Այսօր մենք մի քիչ դժուարութիւն ունենք, որովհետեւ յաջորդ տարի Համազգային միութեան 90-ամեակն է եւ Հայաստանի Ա. Հանրապետութեան հիմնադրութեան 100-ամեակը: Բնական է, որ Համազգայինը միշտ ստուերում էր եւ շարունակելու է ստուերում մնալ: Սակայն մենք ոչ միայն բարդոյթ չունենք, այլ ուրախ ենք, որ այդպէս է: Ուրախ ենք, որ Համազգայինը հէնց այդ օրն է հիմնադրուել: Այդ խորհուրդը մեծ է եւ բարձրացնում է միութեան դերը: Առաջին հանրապետութիւնը հիմնադրած մարդկանց ստուերում գործունէութիւն ծաւալելը պատիւ է: Մենք այդ խորհրդի կրողն ենք: Եւ այն բարոյական մեծ նշանակութիւն ունի մեզ համար: Կարծում եմ` Համազգային միութիւնը այդ մարդկանց չի յուսախափել:

Չենք սիրում մեզ գովել եւ շիկնում ենք, երբ մեզ են գովում: Սակայն մարդիկ հետեւեալ կերպ են պատասխանում այդ հարցին. Համազգային միութիւնը 89 տարուայ ընթացքում իր սուղ միջոցներով արել է անկարելին, որպէսզի երեխաները ստանան հաստատուն կրթութիւն եւ հայ մշակոյթը վառ մնայ սփիւռքի հայկական համայնքներում:

Հ.-  Ի՞նչ ծրագրեր է իրականացնում Համազգային միութիւնը:

Պ.- Ձեռնարկել ենք համացանցային հարթակ, որպէսզի սփիւռքում ապրող հայ երիտասարդութեան տրամադրութեան տակ դրուի հայկական բարձր մշակոյթի տուեալները, որպէսզի նրանք չհեռանան հայութիւնից: Սա մեր ամենակարեւոր ձեռնարկներից մէկն է:

Արհեստագիտական իմաստով որոշ հարցեր ունի, եւ ժամանակատար է, բայց մի օր հասարակութեանը կը հասնի այդ ծրագիրը:

2-3 տարի առաջ Փարիզի Թարգմանչաց վարժարանի կողմից դիմում ենք ստացել` այդ վարժարանով զբաղուելու առաջարկութեամբ: Եւ, չնայած այն մեր վարժարանը չէ, սակայն ընդունեցինք առաջարկը եւ զբաղուեցինք այդ վարժարանի` մանաւանդ կրթական եւ հայագիտական բաժնի մակարդակի բարձրացման ուղղութեամբ:

Անցած երեք տարուայ ընթացքում մենք նոր մասնաճիւղ ունեցանք Քուէյթում: Ժամանակին տեղական ուժերը յարմար չէին գտնում, որ Համազգայինը գրասենեակ ունենայ այնտեղ, քանի որ միւս միութիւններն արդէն կլանած էին ամբողջ գաղութը: Հիմա իրենց դիմումի հիման վրայ այդ մասնաճիւղը կազմուեց եւ մեծ գործ է արւում:

ԼՈՒՍԻՆԷ ԹԵՒՈՍԵԱՆ

No comments yet.

Leave a Reply